Իրանում, հակակառավարական ցույցերի ֆոնին, ձերբակալվել է նախկին նախագահի դուստրը

09:54 • 28.09.22

Իրանում ձերբակալվել է նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը՝ հակակառավարական ցույցեր հրահրելու համար, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հիշեցնելով, որ երկրում ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ շաբաթը:

«Ֆայզեհ Հաշեմին ձերբակալվել է Թեհրանի արևելքում անվտանգության գործակալության կողմից՝ ցուցարարներին փողոցային անկարգությունների հրահրելու համար», - հաղորդում է Tasnim-ը:

Իրանցիները 12-րդ գիշերն անընդմեջ բողոքի ցույցեր են կազմակերպել 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: 

Ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Ակտիվիստների պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:

Սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները: