Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ժամանակ հրմշտոցի զոհերի թիվը հասել է 125-ի. 3000 երկրպագու վազել է խաղադաշտ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (լուսանկարներ տեսանյութ)
Ինդոնեզիայի Մալանգ նահանգում (Ճավա կղզի) ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 125-ի, ավելի քան 320-ը վիրավորվել է, հայտնում է Reuters-ը։
Այս ողբերգությունը պատմության մեջ ֆուտբոլային խաղի ընթացքում զոհերի թվով երկրորդն է 1964 թվականին Լիմայի իրադարձություններից հետո, երբ Պերուի և Արգենտինայի հավաքականների միջև Օլիմպիական խաղերի ընտրական խաղի ժամանակ զոհվել է 328 մարդ, և հազարավոր մարդիկ վիրավորվել են հրմշտոցի և անկարգությունների:
Մալանգում ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին «Արեմա» թիմի լեփ-լեցուն մարզադաշտում։ «Պերսեբա»-ից (Սուբարայ) 2։3 հաշվով կրած պարտությունից հետո երկրպագուները վազել են խաղադաշտ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել՝ խուճապ և հրմշտոց առաջացնելով։
Արևելյան Ճավայի ոստիկանապետ Նիկո Աֆինտան լրագրողներին ասել է, որ այն, ինչ տեղի է ունեցել մարզադաշտում, «անարխիա» էր, մոտ 3 հազար մարդ վազել է սիզամարգ, նրանք հարձակվել են ոստիկանների վրա, ինչի հետևանքով երկու իրավապահ մահացել է։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կարգադրել է դադարեցնել առաջնությունը մինչ ողբերգությունը հետաքննվում է և հանձնարարել է ուշադիր գնահատել խաղերի անվտանգությունը՝ հավելելով, որ հույս ունի, որ դա կլինի «վերջին ֆուտբոլային ողբերգությունը» երկրում։
Միաժամանակ, ինչպես նշում է BBC-ն, հյուրերի՝ «Պերսեբա»-ի երկրպագուներին տոմսեր չեն վաճառվել՝ տրիբունաներում բախումների վտանգի պատճառով։
ՖԻՖԱ-ն արգելել է արցունքաբեր գազ օգտագործել մարզադաշտերում ամբոխի վերահսկման համար։

















