Չինաստանը Թայվանին հարող տարածք է ուղարկել 22 ինքնաթիռ և 4 նավ

19:45 • 02.10.22

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը կիրակի 22 ինքնաթիռ և չորս ռազմանավ է ուղարկել Թայվանի մերձակայքում գտնվող տարածք, ասվում է կղզու պաշտպանության նախարարության ամենօրյա զեկույցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նախարարության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունից երևում է, որ կիրակի ժամը 17:00-ի (Երևանի ժամանակով 13:00) դրությամբ Թայվանին հարող տարածքի ջրերում և օդային տարածքում նկատվել են չորս նավ և Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 22 ինքնաթիռ, որոնցից ութը  J-11, J-16 կործանիչներ կործանիչներ, BZK-005 և CH-4 անօդաչու թռչող սարքեր, Y-8 և Y-9 բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռներ հատել են այսպես կոչված «միջին գիծը» Թայվանի նեղուցում և մտել է կղզու հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի։

Նախարարության տվյալներով՝ Թայվանը օդային պարեկ է ուղարկել՝ իրավիճակը վերահսկելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել և տեղակայել զենիթահրթիռային համակարգեր։

Իրավիճակը Թայվանի շուրջ սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցից հետո՝ նա դարձել է ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որն այցելել է կղզի վերջին 25 տարում։ Սա, բնականաբար, առաջացրել է պաշտոնական Պեկինի զայրույթը:Արդյունքում՝ կղզի այցելելը խթանել է Թայվանի նեղուցում լարվածության նոր փուլ։ Չինական բանակը զորավարժություններ է անցկացնում Թայվանի ափերի մոտ, բացի այդ, Պեկինը պատժամիջոցներ է կիրառել Փելոսիի, նրա հարազատների և թայվանական երկու հիմնադրամների նկատմամբ և այլ միջոցներ է ձեռնարկել։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Փելոսիի այցի բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի և Թայպեյի վրա։ Չինաստանը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը, այն համարում է իր նահանգը և կտրականապես դեմ է Թայպեյի և այլ երկրների պաշտոնյաների ու զինվորականների միջև ցանկացած շփումների։