Առաքելական եկեղեցու ավանդույթները նույնպես մեր ժողովրդի ժառանգությունն է և պետությունը պարտավոր է թույլ չտալ խախտել դրանք. ճարտարապետը՝ Քրիստոսի արձանի կառուցման մասին
Tert-am-ը ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանի հետ խոսել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնության մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքների ընթացքում մասնագետները պարբերաբար ահազանգեր են հնչեցնում այնտեղ գտնվող մշակութային հուշարձանների վտանգված լինելու հետ կապված։ Ի՞նչ տեղեկություն ունեք Դուք այս մասով, նախ խնդրեմ նշել, պատմական-ճարտարապետական կարևորության ի՞նչ հուշաձաններ կան այնտեղ, ի՞նչ չափով են վնասվել, նշեմ, որ վերջերս խոսվում էր, որ «Շամիրամի ամրոց» հուշարձանը բավականին վնասվել է, ի՞նչ տեղեկություն ունեք այս մասով։
-Իմ տեղեկություններն այնքան է, որքան հրապարակվել է, նորահայտ հուշարձաններ են հայտնաբերվել, որոնց պեղման և ուսումնասիրման աշխատանքներին չեմ մասնակցել, հետևաբար` հավելյալ տեղեկություններ չունեմ:
- Ինչպե՞ս եք գնահատում պետության հոգածությունը հուշարձանները պահպանելու առումով։
-Կարծում եմ նախարարության աշխատակիցների կողմից նույնպես ընդունելի չի Հայ Առաքելական եկեղեցու դարավոր սրբագրված ավանդույթների խախտումը, իսկ հուշարձանների վնասման մասին ահազանգը պատրվակ էր Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձան տեղադրելու նախաձեռնությանը մերժելու համար՝ չցանկանալով մերժել այն, ինչ երկրի ղեկավարը բանավոր հավանություն էր տվել (կառավարության նիստի հրապարակային հայտարարության մասին է խոսքը): Այդպես եմ կարծում քանի, որ հնարավոր է լեռան գագաթին արձան տեղադրելուց արձանի տեղադիրքը ընտրել այնպիսին, որ չխաթարի հուշարձանների պահպանմանը:
Նույնը կարելի է ասել շրջակա միջավայրի նախարարության արձագանքի մասին, լեռը գրացված է բնության հուշարձանների ցանկում, սակայն նախարարությունը իր ընդվզող հայտարարության մեջ չի առաջարկում այլ լեռ դիտարկել, այլ ուղղակի մերժում է:
Հնարավոր է՝ պետական կառույցները, իրավական տեսանկյունից, կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետոթյուն է և կրոնական ավանդույթները իրենց խնդիրը չի և միայն հուշարձանների պաշտպանությամբ են հիմնավորում իրենց դեմ կարծիքը, բայց, կարծում եմ, կարող են ավելի համարձակ լինել, քանի որ Առաքելական եկեղեցու ավանդույթները նույնպես մեր ժողովրդի ժառանգությունն է և պետությունը պարտավոր է հարգել այդ ավանդույթները և թույլ չտալ խախտել:
Նաև կարևոր է նման որոշումներ կայացնելուց առաջ քննարկել բոլոր շահագրգիռ գերտեսչությունների հետ, որպեսզի բանավոր համաձայնություն տալուց, էկոնոմիկայի նախարարի այցից հետո 2 գերատեսչություններ ստիպված չլինեն արտահայտեն իրենց անհանգստությունները և այդ կերպ վնասեն նախարարի ու վարչապետի բանավոր համաձայնության հեղինակությունը:
Կարևոր է նաև նման որոշումներ կայացնելուց առաջ հարցը քննարկել եկեղեցու հետ:
- Ի՞նչ կունենանք, պայմանականորեն, մեկ տարի հետո, եթե անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվեն։
-Ես կարծում եմ` հայ հասարակության գերակշիռ մասի դժգոհությունը լսելուց հետո իշխանությունները փորձում են կասեցնել բանավոր համաձայնությունը, և նախարարությունների ընդվզումը հնարավոր է, որ դրա պատճառով է, հնարավոր է՝ փորձում են կասեցնել և որպեսզի բանավոր համաձայնեցումը չանլրջացնեն, փորձում են հիմնավոր պատճառներ գտնել: Ես հույս ունեմ, որ այս ամենից հետո չի կառուցվի:
- Ի՞նչ գործիքակազմ կա, որով հնարավոր կլինի պայքարել, ինչ-որ չափով փրկել մշակութային հուշարձանները։
- Քանի որ իշխանական բոլոր գերատեսչությունները կառավորվում են 1 քաղաքական ուժի կողմից, բոլոր գործիքները հանրային են: Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին հստակ կոչով հանդես եկավ, Մայր աթոռի գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտող հայտարարություն արեց, բազմաթիվ մտավորականներ, հանրային հեղինակություն ունեցող անձինք իրենց դգոհությունը արտահայտեցին: Այս կոչերն ու հայտարարությունները, ցավոք, իրավական ուժ չունեն և միայն կարող են ճնշում լինել իշխանության կայացրած որոշման վրա: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը կասեցնելու միակ ճանապարհը քաղաքացիական հասարակության ճնշումն է պետությանը և հորդորը բարերարին՝ ետ կանգնել այս նախաձեռնությունից:










