Մասկը կարծում է, որ Բայդենը չափազանց ծեր է նախագահի պաշտոնում 2-րդ անգամ առաջադրվելու համար

18:49 • 07.10.22

Գործարար, միլիարդատեր Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին չափազանց ծեր է անվանել երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու համար։ Financial Times-ին տված հարցազրույցում գործարարը նշել է, որ գործող նախագահի համար դժվար կլինի մնալ «թեմայում»:

«Պետք չէ, որ ձեր տարիքի և բնակչության միջին տարիքի միջև շատ մեծ տարբերություն լինի, քանի որ այդ դեպքում մարդկանց հետ կապի մեջ մնալը շատ դժվար կլինի... Միգուցե մեկ սերնդի տարբերությունը դեռ նորմալ է, բայց երկո՞ւսը: Չգիտեմ, բայց երբ արդեն ծոռներ ունես, որքանո՞վ են քեզ համար մոտ մարդկանց խնդիրները։ Հնարավո՞ր է արդյոք նման իրավիճակում նրանց հետ կապ պահպանել»,- ասել է Մասկը։

Պարբերականի տվյալներով՝ Մասկը նախկինում քվեարկել է դեմոկրատների օգտին, սակայն այժմ սկսել է ավելի շատ հակված լինել դեպի հանրապետականները։ FT-ի լրագրողի հետ զրույցում նա նշել է, որ ցանկանում է ստեղծել հանձնաժողով՝ միջոցներ հայթայթելու համար չափավոր թեկնածուների նախագահական քարոզարշավին աջակցելու համար։