Ղրղզստանի ՊՆ-ն չեղարկել է ՀԱՊԿ զորավարժությունները. Պետդումայում կարծում են, որ երկիրը «հեռանում է Ռուսաստանից»

19:13 • 09.10.22

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ «Անխորտակելի եղբայրություն 2022» խաղաղապահ զորավարժությունները, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 10-14-ը Իսիկ-Կուլի «Էդելվեյս» հրաձգարանում, չեն կայանա։

««Անխորտակելի եղբայրություն 2022» զորավարժությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում չեղյալ են հայտարարվել»,- ասել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նա չի նշել չեղարկման պատճառը։

Հարկ է նշել, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը գերհագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով չի եկել ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը կայացել է հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում։ 

ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի մեկնաբանել զորավարժությունների չեղարկումը. կազմակերպության կայքում փոփոխության մասին տեղեկություն չկա:

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ Ղրղզստանը որսում է «Արևմուտքից եկող ազդանշաններ»: Նա չի ցանկանում վիճել Արևմուտքի հետ, և վերլուծում է, թե որքան ուժեղ է Ռուսաստանը, որքանով է Ռուսաստանի Դաշնությունն ի վիճակի «հաղթանակի հասնելու Ուկրաինայի դեմ պայքարում»:

«Ինձ թվում է՝ Ղրղզստանում կարծում էին, որ այս իրավիճակում կարելի է մի փոքր հեռանալ Ռուսաստանից»,- ենթադրել է պատգամավորը։Հ

«ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելու Ղրղզստանի որոշումը վճռական քայլ չի լինի փլուզման համար, սակայն ակնհայտ է, որ խաղի մեջ է մտել Ղրղզստանը», - ավելացրել է Զատուլինը։

Չի բացառվում, որ զորավարժությունները չեղարկելու որոշումը կարող է ընդունվել Ղրղզստանի և Տաջիկստանի միջև վերջին զինված հակամարտության պատճառով։ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև գոյություն ունի երկարատև տարածքային վեճ որոշ սահմանամերձ շրջանների շուրջ, որը շարունակվում է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Առավել սուր իրավիճակ է ստեղծվել Ղրղզստանի Բատկենի և Տաջիկստանի Սոգդիի շրջանում։ Խնդիրներ են ծագում նաև տաջիկական Վորուխի էքսկլավի շուրջ։

Սեպտեմբերի 14-ից 17-ը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության համար։ Երկու կողմից էլ կան տասնյակ զոհեր: