Արդյոք կա՞ ըմբռնում, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է. Արմեն Գևորգյանը հարցեր է ուղղել ԵԽԽՎ-ին
ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ի զեկույցի շրջանակներում ՀՀ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում մի քանի հարցադրումներ է արել։
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետևյալ հարցադրումները.
1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ և անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջև։ Ուստի կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է և արդյո՞ք նա պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից։
2. Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, և դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի և հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջևանում։ Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի ընտրությունը:
3. «Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները և ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի և Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը։ Կցանկանայի իմանալ, թե ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվ պայքարու՞մ էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ, թե՞ այսօր, երբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ այլ հանցագործություններ ՀՀ ժողովրդի նկատմամբ։
4. Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում։ Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի և ռեսուրսների ազդեցությունը։
5. Արդյոք կա՞ ըմբռնում, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է։ Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, և երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն. Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին»,-հայտարարել է Արմեն Գևորգյանը։










