Զելենսկին Հիտլեր չէ. նա արտիստ է. Լավրով

16:29 • 11.10.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարող համեմատվել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ, քանի որ, լինելով կախյալ գործիչ, նա չի որոշում Ռուսաստանի դեմ գործողություններ, նա արևմուտքի հրահանգով է կոնկրետ բաներ անում։ Այս մասին հոկտեմբերի 11-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե մենք խոսում ենք նացիստների, գերմանական նացիզմի մասին, ապա Հիտլերը Եվրոպայի երկրների մեծ մասին միավորել է իր դրոշի ներքո, որպեսզի հարձակվեն ու կործանեն Խորհրդային Միությունը։ Հիմա մոտավորապես նույն երկրների խումբը աջակցում է Զելենսկիին։ Բայց Զելենսկին, իհարկե, Հիտլեր չէ, քանի որ ոչ թե նա է որոշում Ռուսաստանի դեմ գործողությունները, այլ նրան հանձնարարված է կոնկրետ բաներ անել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ինչպես նշել է Լավրովը, Զելենսկին կարող է «մոռանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արգելքի մասին՝ կախված իր տրամադրությունից կամ արևմտյան երկրների պատվերից»։

«Ընդհանրապես նա արտիստ է, այն կողմում հիմա շատ արտիստներ կան։ Ինչպես նաև, ի դեպ, նրանք, ովքեր նրան կառավարում են, մանիպուլյացիա են անում. նրանք բոլորը խաղում են, նրանք բոլորը խաղում են ինչ-որ ազնվական ասպետների, որոնք վրդովված են այն ամենից, ինչ անում են Ռուսաստանի Դաշնությունը և ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ժամանակ»,- հավելել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի հանդուրժի սեփական անվտանգության սպառնալիքները, որոնք գալիս են Ուկրաինայից։