Ադրբեջանը մշտական ուղիղ կապի մեջ է Արցախի իշխանությունների հետ, հաճախ Արցախի իշխանությունները ավելի շատ են տեղեկացված, քան՝ մենք․ Ալեն Սիմոնյան

13:44 • 14.10.22

Կարծում եմ, որ Արցախի պատվիրակությունը բավարարված էր հանդիպումից, քննարկեցինք Մոսկվա կատարած իմ այցը, ներկայացրեցի հանդիպումներն ու քննարկումները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախից ժամանած պատվիրակության հետ ունեցած հանդիպմանը։

Դիտարկմանը, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է հատուկ կետ լինի այն մասին, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Սիմոնյանն ասաց․

«Ես չեմ կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցե նման հիշատակում լինի, որովհետև դա կարող է նախևառաջ հայելային պահանջ կամ ցանկություն առաջացանել։ Հայաստանը երբեք Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել և տարածքների մասին շեշտումը միայն կբարդաձնի կամ առոչինչ կդարձնի կնքվելիք պայմանագիրը»։

Հարցին՝ այդ պարագայում ինչ է առաջարկում ՀՀ-ն Արցախին, ինչ կարգավիճակ է այն ունենալու խաղաղության պայմանագրի կնքումից հետո, ԱԺ նախագահը պատասխանեց․

«Արցախին առաջարկում ենք այն, ինչ մշտապես առաջարկել ենք, Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի բոլոր քննարկումների մեջ, իսկ ՀՀ-ն պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ։ Ադրբեջանը գտնվում է Արցախի իշխանությւոնների հետ մշտական ուղիղ կապի մեջ, լինում են դեպքեր, երբ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան՝ մենք։ Եղել է խոսակցություն, որտեղ Հայաստանը կարող էր լիովին դուրս մնալ քննարկումներից, որ Արցախը միայնակ մասնակցեր քննարկումներին, որին ՀՀ-ն չի համաձայնվել, մենք մեր հայրենակիցներին միայնակ չենք թողել երբևիցե»։