Զինդատախազի պաշտոնի համար դիմել է միայն Հայկ Գրիգորյանը. Դատախազություն

21:36 • 17.10.22

Զինդատախազի պաշտոնի համար դիմում է ներկայացրել միայն Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։  Այս տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գերատեսչությունից նշեցին, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ զինդատախազի պաշտոնի համար։

«Այն բաց է եղել մրցույթի պահանջներին համապատասխանող ցանկացած թեկնածուի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022թ.-ի սեպտեմբերի 27-ը: Գլխավոր դատախազությունը մեկ դիմում է ստացել. դիմումատուն Հայկ Գրիգորյանն է»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանի՝ Գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալուց հետո, զինդատախազի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Վահե Հարությունյանը։ Զինդատախազի պարտականություններն այժմ կատարում է նրա տեղակալը։