Տիգրան Ուրիխանյանը բացահայտումներ է խոստանում՝ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, Ծառուկյանի, Փաշինյանի մասին (տեսանյութ)

10:17 • 21.10.22

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ուղիղ եթերում խոսել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին, որի շրջանակներում հրավիրվել է հարցաքննության, բայց չի գնացել։

Նա հայտարարել է, որ իր քաղաքական կարիերան Հայաստանում ավարտված է:

«Ավարտված է այն պահից, երբ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ես արժանացա մեր ընտրողների ընդամենը 1%-ի քվեին: Վերջ: Այդքանով ամեն բան ասված է: Չեմ հետապնդում որևէ նպատակ, չունեմ որևէ նկրտում, որևէ քաղաքական, պետական գործունեության մասին խոսք լինել չի կարող, որևէ հավակնություն չունեմ, ոչ մի ակնկալիք չկա և լինել չի կարող: Իմ կյանքում համարում եմ հայաստանյան քաղաքական տիրույթը փակված, ավարտված, սպառված: Սա՝ հստակ»,-ասաց նա և խոսեց իր խոստացած բացահայտումների մասին։

«Այս պահից սկսած ժողովուրդը, հասարակությունը պիտի իմանան մի քանի պարզ բան՝ ինչ ստացավ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին իշխանություն նվիրելու արդյունքում ու ոնց պատահեց, որ Ռոբերտ Քոչարյանի բանկի կառավարիչը դառավ հանկարծակի փոխվարչապետ ու մինչև օրս մնաց, ոնց ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանի աշխատողներից մեկը՝ Արարատ Միրզոյանը դառավ ԱԺ նախագահ, ծեծվելուց հետո դառավ ԱԳ նախարար, ոնց սկսեցին ՀՀ արտաքին քաղաքական կուրսը փոխելու գործընթացը, հանուն ինչի, ում պատճառով և ում մեղքով զոհվեցին շուրջ 5000 առանց այն էլ սակավաթիվ երիտասարդության մեր ներկայացուցիչները, երբ է սպասվում հաջորդ պատերազմը, ովքեր են դատվելու դրա արդյունքում, ինչ կապ ունի դրա հետ Գագիկ Ծառուկյանը, օրինակի համար, այո՛ Գագիկ Ծառուկյանը, հայաստանյան օլիգարխիայի այլ ներկայացուցիչներ, ինչ եմ տեսել ես 10 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում քաղաքական միջանցքներում: Հիմա ինձ լսող, անհամբեր սպասող շատերից զգալի մասի սրտերը մի փոքր սառելու են: Ես շատ լավ հասկանում եմ, որ քրեական գործերն ընդամենը ծաղիկներ են այն ամբողջ ճանապարհին, որն ինձ սպասում է»,-ասաց նա:

Ուրիխանյանը նշեց, որ Հայաստանում էլ անելիք չունի, բայց պետք է «տրաքցնել սաղին»։

Նրա խոսքով՝ մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնք արժանի են, որ ճշմարտությունն իմանան, մարդիկ, ում ձեռքից խլեցին հայրենիքը: Ուրիխանյանը հորդորեց մարդկանց քայլ անել, հակառակ դեպքում Հայաստանը կվերածվի Սիրիայի: Նա խոստացավ իր ալիքում բացահայտումները անել. «Ինձ պետք է միայն մի բան՝ երկիրս կործանածներից լուծել բարոյական վրեժ»: