Պուտինը շնորհավորել է Սի Ծինփինին 3-րդ ժամկետով վերընտրվելու կապակցությամբ

00:00 • 23.10.22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սի Ծինփինին, որը երրորդ ժամկետով ընտրվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար։ Հեռագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

Իր շնորհավորանքում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի արդյունքները հաստատել են Սի Ծինփինի բարձր քաղաքական հեղինակությունը և կուսակցության համերաշխությունը։

ՌԴ ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ համագումարի որոշումները կօգնեն հաջողությամբ կատարել Չինաստանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական առաջադրանքները և ամրապնդել երկրի դիրքերն աշխարհում։

«Ուրախ կլինեմ շարունակել մեր կառուցողական երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը՝ զարգացնելու մեր պետությունների միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները», - եզրափակել է ՌԴ նախագահը։