Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն արձագանքել են Շոյգուի՝ «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը
Ռուսաստանի պնդումներն այն մասին, թե Ուկրաինան կարող է այսպես կոչված «կեղտոտ ռումբեր» օգտագործել, սուտ են։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյմս Քլեվերլին և Կատրին Կոլոնան, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Այսօր մեր երեք երկրների պաշտպանության նախարարները ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խնդրանքով զրուցել են նրա հետ։ Մեր երկրները հստակ հասկացրել են, որ մերժում են ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում «կեղտոտ ռումբ» կիրառել», - ասված է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ԱԳ նախարարություններում նաև ընդգծել են, որ նման հայտարարությունները որակում են մեղադրանքը որպես էսկալացիայի պատրվակ օգտագործելու փորձ։
Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունները քննարկել են նաև Ուկրաինային հետագա ռազմական ու տնտեսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ՝ խոսելով Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» (ցածր թողունակության միջուկային զենք) օգտագործմամբ հնարավոր սադրանքների մասին։
«Կեղտոտ ռումբը» ռադիոլոգիական զենքի ամենապարզ տարբերակն է։ Նման ռումբի գործարկման ժամանակ հիմնական վնասը ոչ թե պայթյունի, այլ ռադիոակտիվ նյութի ցողման հետևանքով է։ Երբ նման ռումբը պայթում է, այն ռադիոակտիվ նյութեր է արձակում։ Փորձագետները «կեղտոտ ռումբի» տեսակներից մեկն անվանում են ռադիոակտիվ նյութեր օգտագործող ոչ ռազմական օբյեկտների պայթեցումը։










