Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին. Սամվել Կարապետյան
Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Ինչպես գրում է Regnum գործակալությունը, ռուսաստանաբնակ միլիարդատերն ասել է, որ անհնար է անտեսել այն նախազգուշական ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին թափ են հավաքում Հայաստանում:
«Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին։
Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անխուսափելիորեն կարող են հանգեցնել ծանր հետևանքների ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։
Այս առումով, ինչպես և նախկինում, կարծում եմ, որ Արցախի ապագայի անվտանգության և նրա բնակիչների խաղաղ կյանքի միակ երաշխիքը պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանի միջնորդությունն է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։
Հայաստանի իշխանությունները պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորեն, որը անվտանգության ամուր երաշխիքներ կտա և կկանխի Արցախի կորուստը։
Չի կարելի հաշվի չառնել նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորն են, մեր երկրներին միավորում են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապեր։
Այդ իսկ պատճառով այժմ, առավել քան երբևէ, կենսական նշանակություն ունի ճիշտ ընտրություն կատարել և պահպանել հայկական Արցախը աշխարհի համար»:










