Ռուսաստանը տեղյակ է «կեղտոտ ռումբ» օգտագործելու Ուկրաինայի ծրագրերի մասին. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային զինում է ծանր սպառազինությամբ՝ միևնույն ժամանակ անտեսելով միջուկային զենք ձեռք բերելու Կիևի ցանկությունը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը տեղյակ է «կեղտոտ ռումբ» (ցածր թողունակության միջուկային զենք) կիրառելու ուկրաինական կողմի մտադրության մասին, գրում է kommersant.ru-ն։
«Այժմ նրանք զենք են տալիս, այդ թվում՝ ծանր, անտեսում են Կիևի ռեժիմի հայտարարությունները միջուկային զենք ստանալու ցանկության մասին։ Ի վերջո, այս մասին Կիևի իշխանությունները հրապարակայնորեն ասել են, բայց բոլորը լռում են։ Հայտնի է նաև այսպես կոչված «կեղտոտ ռումբը» սադրանքների համար օգտագործելու ծրագրերի մասին»,- ասել է պետության ղեկավարը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքը վերածել է «ռազմական կենսաբանական փորձարկումների փորձադաշտի», իսկ Ուկրաինան կորցրել է իր ինքնիշխանությունը։
«Կեղտոտ ռումբը» ռադիոլոգիական զենքի պարզ տարբերակ է։ Ռումբի պատճառած հիմնական վնասը ոչ թե պայթյունի, այլ ռադիոակտիվ նյութի տարածման պատճառով է։ Փորձագետները «կեղտոտ ռումբի» տեսակներից մեկն են համարում ռադիոակտիվ նյութերի օգտագործմամբ ոչ միջուկային օբյեկտներ պայթեցնելը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Չինաստանի պաշտպանության նախարարների հետ՝ խոսելով Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի»օգտագործմամբ հնարավոր սադրանքների մասին։










