Ցնցված ենք Սեուլում մահացու հրմշտոցի մասին ողբերգական լուրից. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է

15:01 • 30.10.22

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհևոն թաղամասում զանգվածային հրմշտոցի հետևանքով ավելի քան 150 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգությանը:

«Ցնցված ենք Սեուլում մահացու հրմշտոցի մասին ողբերգական լուրից: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - գրել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է  ունեցել կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո առանց դիմակների առաջին զանգվածային տոնակատարության ընթացքում:

Մահացածների մեծ մասը անչափահասներ և 20-ն անց երիտասարդներ են: Հրշեջները զոհերի մեծ թիվը բացատրում են «բազմաթիվ մարդկանց ոտնահարվելու» փաստով։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը համազգային սուգ է հայտարարել։ Արտակարգ հանդիպումից հետո նա հրամայել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վիրավորներին օգնություն ցույց տալու համար:

Աշխարհի մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արդեն իրենց ցավակցություններն են հայտնել:

Աղբյուրը գրում է, որ Հելոուինը Հարավային Կորեայում Հելոուինը տարածված տոն չի համարվում, սակայն Իթհևոնը, որը միջազգային մշակութային մթնոլորտ ունեցող տարածք է, դարձել է այն նշել ցանկացողների հավաքատեղին: Մարդկանց հրմշտոցի ժամանակ տարածքում կարող էր եղած լինել մինչև 100 000 մարդ՝ հիմնականում երիտասարդներ, ոմանք՝ կոստյումներով։

Թե ինչից է սկսվել հրմշտոցը, հայտնի չէ: