Անորոշությունները շատ են, պետք է պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ միջնաժամկետ հատվածում Կառավարության անելիքների իրականացման ռիսկեր չստեղծվեն. Ֆինանսների նախարար

11:30 • 31.10.22

2023 թվականին նախատեսվում է ապահովել  համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

«Որքան պարտքը և պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Հայտնի է, որ անորոշությունները շատ են, և այս տարվա միջավայրը դրա վկայությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որպեսզի պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն Կառավարության անելիքների իրականացման ռիսկեր»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի արդյունքներով պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա էր և կազմում էր 60,3 տոկոս։

«Կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը։