Հոգնել ենք ստատուսով պայքարողներից, իջեք փողոց և մտեք պատասխանատվության տակ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Հոգնել ենք ստատուսով պայքարողներից, իջեք փողոց և մտեք պատասխանատվության տակ․ Իշխան Սաղաթելյան
Երբ Փաշինյանը հայտարարում է, որ կողմ է Արցախի հարցի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկած տարբերակին, դա որևէ արժեք չունի, քանի դեռ չի հայտարարում, որ մերժում է մյուս տարբերակը, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դիմադրություն» շարրժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Քանի դեռ Փաշինյանը չի արել այդ հայտարարությունը, մնացածը բառախաղ է և միջազգային հանրության հետ գավառական ճարպկությամբ մանևրելու փորձ։ Երբ կա սեղանին դրված առաջարկ և դու Պրահայում դրան տվել ես համաձայնություն, քանի դու այն պաշտոնապես չես մերժել, այլ տարբերակի նկատմամբ քո հայտարարությունները ընդամենը կեղծիք են»,- ասաց Սաղաթելյանը։
Խոսելով այսօր կայանալիք Սոչիի եռակողմ հանդիպմանը, Սաղաթելյանը նշեց․
«Իմ կարծիքով այսօր որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու, հանդիպման արդյունքներին կծանոթանանք երեկոյան և ըստ դրա կարձագանքենք»։
Խոսելով նոյեմբերի 5-ի հանրահավաքի սպասելիքների մասին՝ Սաղաթելյանը ասաց․
«Հրավիրում ենք բոլորին, բոլոր քաղաքական ուժերին, ուրախ կլինենք, նրանց տեսնել և՛ հարթակում, և՛ հրապարակում։ Սա գոյաբանական խնդիր է, ով ունի հնարավորություն մի բանով օգտակար լինելու, պետք է մասնակցի, ոչ միայն մասնակցի, այլև կոչ անի ժողովրդին՝ գալ, մտնել պատասխանատվության տակ, մենք արդեն հոգնել ենք ստատուսով պայքարողներից, իջեք փողոց, կանգնեք ժողովրդի կողքին։ «Դիմադրության» շարժման գնահատականը պատմությունն է տալու, այն ինչ արել ենք, եթե արած չլինեինք, այսօր երկիրը կապիտուլացված և վերջացած կլիներ, մենք կանխել ենք դա, «Դիմադրություն» շարժման գնահատականը տվել են Ալիևը, Էրդողանը, Չավուշօղլուն, Հաջիևը և այլն»։










