Սոչիում ավարտվել են Պուտինի և Փաշինյանի՝ պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները. այժմ ղեկավարները մնացել են դեմ առ դեմ
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են:
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ: Այժմ երկու ղեկավարները մնացել են դեմ առ դեմ:
Այնուհետև սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ։
«Պետք է ինչ-որ ժամանակ ավարտել այն: Գիտեմ, որ ունեք (Փաշինյանը-Խմբ.) դրա քաղաքական կամքը։ Մենք վճռականորեն սատարում ենք դրան», - ասել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ լուծումներ կգտնվեն առաջ գնալու համար։
Մինչդեռ Փաշինյանը հանդիպմանն ասել է, որ Երևանի համար ընդունելի են Ղարաբաղի հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման ռուսական նախագիծը:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնությունը հստակ դիրքորոշում կհայտնի ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ:
Նա նաև ասել է, որ Հայաստանի համար կարևոր է Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերումը:
ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները, սակայն Հայաստանի տարածքում հաղորդակցությունը պետք է լինի Երևանի լիակատար վերահսկողության տակ:
Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման աշխատանքների մեկնարկին պետք է նախորդի սահմանի անվտանգության ուժեղացումը:










