ՆԱՏՕ-ի խմբավորումը Ռուսաստանի սահմանների մոտ փետրվարից ի վեր աճել է 2,5 անգամ՝ կազմելով ավելի քան 30 000 մարդ. Շոյգու

14:57 • 02.11.22

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 2-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի խմբավորումը Ռուսաստանի սահմանների մոտ փետրվարից ի վեր աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 30 000-ը: Այս մասին գրում է iz.ru-ն:

«Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև մերձբալթյան երկրներում տեղակայված են ՆԱՏՕ-ի ոչ տարածաշրջանային երկրների զինված ուժեր։ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Սլովակիայում ստեղծվում են... գումարտակային մարտավարական խմբեր։ 2022 թվականի փետրվարից խմբավորման թիվն ավելացել է 2,5 անգամ և կազմում է ավելի քան 30 000 մարդ, իսկ կարճաժամկետ հեռանկարում այն կարող է էլ ավելի մեծանալ»,- ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները վտանգի տակ են դնում Մոսկվայի գործընկերներին, առաջին հերթին՝ Բելառուսին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը, ըստ Շոյգուի, առաջնահերթ խնդիր է համարում Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը։

«Մենք կենտրոնանում ենք զորքերի պատրաստման և նրանց մարտունակության բարելավման վրա: Մենք պարբերաբար համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներ ենք անցկացնում, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,- հավելել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինա ցանկացած զորք մտցնելը և ռուսական բանակի հետ ուղիղ բախումը վտանգավոր քայլ է, որը կարող է հանգեցնել համաշխարհային աղետի։

Սեպտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և նոր պատժամիջոցներ կիրառել։

Բացի այդ, Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքը նոր ուժեր կտեղակայի արևելյան սահմանին և ազդանշան կուղարկի Ռուսաստանին, որ պատրաստ է պաշտպանել իր տարածքը։

Հունիսին ՆԱՏՕ-ն Ռուսաստանին պաշտոնապես անվանել է իր անվտանգության գլխավոր սպառնալիք։