Արցախի ԱԺ-ն Գերագույն դատարան է դիմել Սահմանադրության փոփոխության նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով
Արցախի Ազգային ժողովի նոյեմբերի 3-ին գումարված հերթական նիստում որոշվել է դիմել երկրի Գերագույն դատարան՝ Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
Հաղորդագրության մեջ նշված է«Նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ը:
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ.
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»:
Որոշումն ընդունվել է 30 կողմ ձայնով:
Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին հարցի քննարկումը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ընդատվել է մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը»:










