Ուկրաինայի ԱԳ նախարարը դժգոհել է, որ Ռուսաստանի հարվածների հետևանքով ԱԳՆ շենքում չկա ջեռուցում, լույս ու ջուր

14:34 • 03.11.22

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության շենքն միացված չէ կոմունալ ծառայություններին, ասել է ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Մենք ձեզ հետ նստած ենք այստեղ՝ ԱԳՆ-ում, և այստեղ բավականին ցուրտ է... , քանի որ անջատված ենք ջեռուցման համակարգից, երեկ շենքում ջուր չունեինք, հոսանքազրկումներ եղան. շենքը մնացել է առանց էլեկտրականության, և սա կարևորագույն ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքների միայն մեկ օրինակն է»,- ասել է նախարարը։

Հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական հրամանատարության և հսկողության օբյեկտների, կապի և էներգետիկ համակարգերի ուղղությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ սա պատասխան է Ղրիմի կամրջի վրա Կիևի կողմից կազմակերպված ահաբեկչությանը և Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա այլ հարձակումներին։ Ինչպես նոյեմբերի 1-ին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում, երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 40 տոկոսը լրջորեն վնասվել է։