Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում պետք է արձանագրեմ Բաքվի և այլ կողմերի ոչ շահագրգռվածությունը. Միրզոյան

16:58 • 03.11.22

Տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային եթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային հիմնական ուղղություններից մեկն է ու և շատ կարևոր մաս է համապարփակ կարգավորման։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, խոսելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացի մասին, հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:


«Ճիշտ կլինի մանրամասները հարցնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, ես կարող եմ արձանագրել, որ մեր վերջին հանդիպումները, ինչպես նաև Հայաստանից դուրս արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ որևէ մեկը կասկածի տակ չի դնում՝ ապաշրջափակվող ու ենթադրաբար նոր կառուցվելիք հնարավոր ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն ամբողջապես գտնվելու են այն երկրների սուվերենության ներքո ու տարածքային ամբողջականության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են»,- ասաց Միրզոյանը ընդգծելով, որ մնացած դետալները քննարկվում են։

«Կարող եմ արձանագրել հայկական կողմի կառուցողականությունն այստեղ ևս ու արձանագրեմ նաև ադրբեջանական ու հնարավոր շահագրգիռ այլ կողմերի ոչ կառուցողականությունը», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը: