Նա հայ թատրոնի նվիրյալներից էր, ով իր լուսավոր հետքը հավերժ թողել է մեր մշակութային կյանքում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար:
Պարոն Շահվերդյանի ներդրումը Մայր թատրոնի և Վանաձորի թատրոնի շարունակական զարգացման գործում անգնահատելի է: Նա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ղեկը ստանձնեց ծանր ժամանակաշրջանում և չնայած դժվարություններին՝ Մայր թատրոնը մեծ պատվով շարունակեց իր առաքելությունը, հանդիսատեսին մատուցելով բարձրակարգ ներկայացումներ՝ Վահե Շահվերդյանի բեմադրական յուրօրինակ ձեռագրով: Վանաձորի թատրոնը ևս նրա գլխավորությամբ ապրում էր մշակութային հարուստ կյանքով՝ ներկայացնելով հետաքրքիր խաղացանկ:
Պարոն Շահվերդյանը հայ թատրոնի նվիրյալներից էր, ով իր գիտելիքներն է կիսել սերունդների հետ և իր լուսավոր հետքը հավերժ թողել մեր մշակութային կյանքում:
Կիսում եմ անվանի արվեստագետի ընտանիքի, թատերարվեստի ներկայացուցիչների, գործընկերների և նրա երկրպագուների վիշտն այս մեծ կորստի պահին»:










