Ինձ համար հաճելի չէ այս կարգի նախարարի հետ զրույց ունենալ, ո՛չ թիվ, ո՛չ անուն, ոչինչ չեք նշում․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին
Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք և այլն։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում, այդքան հարց տվեցինք, ես ոչ մի թիվ, ոչ մի կազմակերպություն, ոչ մի ծավալի մասին ոչինչ չլսեցի»,- ասաց Սուքիասյանը։
Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի նախարարը ասաց․«Շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա, այն, որ Հայաստանը այսօր ունի 14․1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է, դրանք թվեր չե՞ն, ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ, կարող եմ նկարներ ցույց տալ` որտեղ ինչեր է ստացվում, որոնք հենց նախարարության նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։
Ի պատասխան Սուքիասյանը նշեց, որ իր հնչեցրած հարցերին նախարարը այլ պատասխաններ է տալիս։










