«Միացյալ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու նոյեմբերի 5-ի հանրահավաքին, մենք մեր աջակցությունը Արցախին վաղուց ենք հայտնել. Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու նոյեմբերի 5-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը։
«Մինչև ընդդիմությունը և մնացած քաղաքական ուժերը սպասում էին, թե ինչ համաձայնագիր և որ տաբերակը ստորագրվի, մեր քաղաքական ուժը իր ակտիվ կազմով մշտապես բարձրաձայնում էր, որ ազգը պետք է համախմբված լինի, ինչը մենք տեսանք օրեր առաջ Արցախում։ Արցախահայությունը ի վերջո հասկացավ, որ պետք է միասնական ու համախմբված լինի։ Մենք մեր աջակցությունը Արցախին հայտնել ենք վաղուց, հայտարարել ենք, որ Արցախը առանձին հայկական պետություն է և ՀՀ իշխանությունները իրավունք չունեն առանց Արցախի հետ համաձայնեցնելու որևէ որոշում կայացնել Արցախի ճակատագրի հետ կապված»,- ասաց Թարվերդյանը։
Վերջինս ընդգծեց, որ իրենց կուսակցությունը մինչև արցախահայության հանրահավաքը հայտնել է իր աջակցությունը Արցախին։
«Խորհրարանական ընդդիմությունը այսօր ի՞նչ է ուզում ասել այս հանրահավաքով, ես չեմ հասկանում։ ՀՀ քաղաքացիները դեռ մինչև արցախահայության հանրահավաքը պետք է արտահայտած լինեին իրենց դիրքորոշումը Արցախի հետ կապված։ Եթե ընդդիմությունը ցանկանում է հայտնել իր աջակցությունը, ես ողջունում եմ, բայց դա կարող են անել՝ օգտագործելով խորհրդարանական խոսափողը, դրա համար պետք չէ հանրահավաք հրավիրել։
Ինչու ենք մենք կասկածի տակ դնում, որ ՀՀ-ն Արցախի հարցի շուրջ միասնական չի եղել, պետք չէ կասկածի տակ դնել, իշխանությունները՝ ի դեմս առաջին դեմքի, հայտարարել են, որ ընդունում են ՌԴ առաջարկը և ԼՂ հարցի քննարկումը թողնում են ապագային»,- ասաց Եվանդ Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդը շեշտեց, որ իրենք խիստ քննադատել են որևէ տարբերակով համաձայնագրի ստորագրումը։
«Այն ժամանակ, երբ իշխանությունը և ընդդիմությունը քննարկում էին, թե Արցախի հարցով որ տարբերակը ընդունել և որը մերժել, մենք հայտարարում էինք, որ երկուսն էլ ժամանակավրեպ են և պետք չէ ընդունել որևէ մեկը, արդյունքում եղավ այնպես, ինչպես մենք էինք ասում։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 5-ի հանրահավաքին, ապա մենք չենք մասնակցելու, այն ոչինչ չասող հանրահավաք է և որևէ արդյունք չի տալու»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։










