Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծում է Գազայի հատվածը (լուսանկարներ, տեսանյութ)

11:20 • 04.11.22

Իսրայելական զինվորականները ուրբաթ վաղ առավոտյան հարված են հասցրել Գազայի հատվածին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող պաղեստինյան անկլավից Իսրայելի ուղղությամբ չորս հրթիռ արձակելուց ժամեր անց, հայտնում է Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման կողմից օգտագործվող ստորգետնյա հրթիռների արտադրության «եզակի» օբյեկտին:

«Հարվածն իրականացվել է ի պատասխան Գազայի տարածքից Իսրայելի տարածք հրթիռների արձակմանը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության հարավային հրամանատարության, այսպես կոչված, «կրակային կենտրոնի» հրամանատարը, որը համակարգում է ստորաբաժանման հարձակողական գործողությունները, ասել է, որ վայրը ռմբակոծվել է 19 տոննա զինամթերքով:

Հարվածների ֆոնին պաղեստինցիները, ըստ երևույթին, գնդացիրներից կրակ են արձակել իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ:

Պաղեստինյան ոչ մի խմբավորում չի ստանձնել արձակումների պատասխանատվությունը, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում ՀԱՄԱՍ-ը:

Հրթիռային արձակումը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ պաղեստինյան իսլամական ջիհադի անդամն իսրայելական ռազմական գործողության ժամանակ սպանվել է Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում:

Վերջին անգամ Գազաից դեպի Իսրայել հրթիռներ են արձակվել օգոստոսին՝ ընդհանուր առմամբ արձակվել էր մոտ 1175 հրթիռ:

Վերջին շրջանում լարվածությունն Արևմտյան ափում աճել է, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական արշավ է սկսել: Այն հիմնականում կենտրոնացած է հյուսիսային Արևմտյան ափի վրա, սակայն բռնությունը հիմնականում չի տարածվել Գազայի հատվածում:

Արշավը շուրջ 2000 ձերբակալության է հանգեցրել գիշերային ռեյդերի ընթացքում, սպանվել է ավելի քան 125 պաղեստինցի, որոնցից շատերը հարձակումներ են կատարել կամ բախվել անվտանգության ուժերի հետ: