Մենք գնում ենք դեպի կլիմայական դժոխք. Գուտերեշը COP27 համաժողովում կոչ է արել կլիմայական համերաշխության համաձայնագիր կնքել

18:07 • 07.11.22

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կնքել կլիմայական համերաշխության համաձայնագիր, որում բոլոր երկրներն ավելին կանեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար: Նա նաև զգուշացրել է, որ աշխարհը գնում է դեպի «կլիմայական դժոխք», հաղորդում է Sky News-ը:

«Համաձայնագիր, որով բոլոր երկրները լրացուցիչ ջանքեր կգործադրեն այս տասնամյակում արտանետումները կրճատելու համար՝ 1,5 աստիճան Ցելսիուսից ցածր տաքացումը պահպանելու նպատակին համապատասխան:Համաձայնագիր, որով հարուստ երկրները և միջազգային ֆինանսական հաստատությունները ֆինանսական և տեխնոլոգիական աջակցություն կցուցաբերեն զարգացող երկրներին օգնելու արագացնել իրենց անցումը դեպի վերականգնվող էներգիա», - ասել է Գուտերեշը Շարմ էլ-Շեյխում COP27 կլիմայական գագաթնաժողովում:

Գուտերեշի առաջարկած համաձայնագիրը վերջ կդնի հանածո վառելիքից կախվածությանը և ածխային էլեկտրակայանների կառուցմանը, բոլորի համար մատչելի էներգիա կապահովի և զարգացած և զարգացող տնտեսությունները կմիավորի ընդհանուր նպատակի շուրջ:

«Կա՛մ կլիմայական համերաշխության պայմանագիր, կա՛մ կոլեկտիվ ինքնասպանության պայմանագիր»,- զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գուտերեշը նշել է, որ ամբողջ աշխարհում վնասակար արտանետումների քանակը շարունակում է ավելանալ, իսկ գլոբալ ջերմաստիճանը շարունակում է աճել։

«Մենք գնում ենք դեպի կլիմայական դժոխք, և մեր ոտքը գազի ոտնակին է»,- հավելել է գլխավոր քարտուղարը։

Նա ասել է, որ տաքացումը մինչև 1,5 աստիճան Ցելսիուսի սահմանափակման նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մինչև 2050 թվականը զրոյի հասցնել վնասակար արտանետումները, սակայն, ըստ Գուտերեշի,  «մենք շատ ենք մոտենում անդառնալիության կետին»։

Նոյեմբերի 6-ից 18-ը Շարմ էլ-Շեյխում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP27 համաժողովը: Ակնկալվում է, որ մասնակից երկրները գագաթնաժողովի ընթացքում կներկայացնեն արտանետումների նվազեցման թարմացված ծրագրեր, որոնք կհամապատասխանեն 2100 թվականին գլոբալ ջերմաստիճանը 1,5 աստիճանից ավելի Ցելսիուսի բարձրացումից զերծ պահելու նպատակին: