Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ վտանգավոր քայլերից. Պեսկովը՝ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին

15:32 • 07.11.22

Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ շփման գծում լարվածության աճով հղի քայլերից, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իսկապես, Սոչիի եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունը ընդգծում էր կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ ճանապարհով կարգավորման մտադրությունը։ Ուստի մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծի երկայնքով լարվածության սրման»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ նոր տեղեկությունները: 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ լույս նոյեմբերի 7-ը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: