ՀՀ իշխանությունները չեն թաքցնում, որ ձեռքերը լվանում են Արցախի ինքնորոշման հարցում. սահմանադրագետ

13:37 • 09.11.22


Երբ խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, պետք է անդրադարձ կատարենք նաև այն հարցին, թե արդյոք հակասություն կա նրա միջև, որ մի կողմից Հայաստանի Սահմանադրությունը և անկախության հռչակագիրը ճանաչում են Արցախի ինքնորոշման իրավունքը և ինքնորոշման փաստը, բայց մյուս կողմից մինչև հիմա ՀՀ-ն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկմանը հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Այստեղ հակասություն չկա, որովհետև խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ կարող է ճկունություն ցուցաբերել մինչև այն աստիճանը, որը վերաբերում է ինքնորոշման իրավունքի և փաստի ճանաչմանը», - ասաց սահմանադրագետը։

Վերջինս ընդգծեց, որ Արցախն ուղղակիորեն ճանաչելը որպես ՀՀ՝ սահմանադրական պահանջ չէ, բայց պահանջ է, որպեսզի ցանկացած բանակցություններում և դրա արդյունքում կնքվելիք փաստաթղթում Արցախի ինքնորոշման փաստը չդրվի հարցականի տակ։

«Ցավոք, այսօրվա բանակցային գործընթացը գնում է այն ուղղությամբ և ՀՀ իշխանությունները դա չեն թաքցնում, որ Արցախի ինքնորոշման հետ կապված իրենք ձեռքերը լվանում են և այդ հարցին չեն ցանկանում ընդհանրապես անդրադառնալ։ Այդ հարցն, ըստ էության, թողնում են Ադրբեջանի հայեցողությանը։ Դա նշանակում է, որ իշխանությունները հետ են կանգնում սահմանադրության և հռչակագրի պահանջներից», - ասաց Վարդան Պողոսյանը։

Խոսելով տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Պողոսյանը նշեց․
Եթե որևէ պետություն իր վրա է վերցնում ճանաչել այլ պետության տարածքային ամբողջականությունը, դա ընդամենը նշանակում է, որ ինքն իրավունք չունի որևէ բռնի գործողություն ձեռնարկել մյուս պետության տարածքի նկատմամբ, այսինքն դա ուժի չկիրառման սկզբունքի մի տարատեսակ է։ Տարածքային ամբողջականության սկզբունքը իր մեջ չի պարունակում այն հարցի պատասխանը, թե որն է հարեւան պետության տարածքը: Այսինքն պատասխան չի տալիս այն հարցին, թե տվյալ պետության տարածքի մեջ X տարածքը մտնում է, թե չի մտնում: Կոնկրետ Ադրբեջանի հետ կապված, եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ նրանք իրենց վրա պարտականություն են վերցնում որեւէ բռնի ուժ չկիրառել հակառակորդ պետության տարածքը գրավելու համար: Բայց թե այդ տարածքի մեջ մտնում է Արցախը, թե չի մտնում, տարածքային ամբողջականությունը ճանաչելը այդ հարցին պատասխան չի տալիս:
Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ լռում են այն մասին, թե որն է Ադրբեջանի տարածքը, որն է Հայաստանի տարածքը, այդ ժամանակ ի հայտ են գալիս, այսպես կոչված, օժանդակ, լրացուցիչ փաստարկները, նշանները, թե ճանաչելով իրենք ինչ են ենթադրել»,- ասաց սահմանադրագետը։