Ստամբուլի մետրոյում հայտնվել է հին հունական պատերազմի աստծո պատկերը. թուրքերն անհանգստացել են
PlayStation-ում մի քանի օր է՝ հասանելի է God of War series, Ragnarök համակարգչային խաղի նոր տարբերակը, որում կրկին ներկայացված է պատերազմի հին հունական աստված Կրատոսը: Ինչպես և սպասված էր՝ նոր խաղի թողարկմամբ ամբողջ աշխարհում խոշոր գովազդային արշավ է սկսվել՝ Կրատոսի պատկերով:
Ինչպես գրում է Greek City Times-ը, թուրք-հունական լարված հարաբերությունների ֆոնին հունական աստծո կերպարը կարծես թե զայրացրել է ոմանց Թուրքիայում և մասնավորապես Ստամբուլում. ոմանք անհանգստացել են՝ տեսնելով պատերազմի աստծո գովազդը Ստամբուլի մետրոյի վագոններին:
Ամենամեծ աղմուկը բարձրացրել է Ազգային գոյատևման շարժման համադաշնության նախագահ Մուրադ Շահինը, որը թիրախավորել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
«Պնդումներ կան, որ Էքրեմ Իմամօղլուն մետրոյում ունի այսպես կոչված հունական աստծո՝ Կրատոսի պատկերները։ Աստվա՛ծ իմ, պահապա՛ն եղիր Ստամբուլին»,- գրել է Շահինը` գրառմանը կցելով Ստամբուլի մետրոյից լուսանկարներ։










