Տրանսպորտային բարեփոխումների գրեթե 90 %–ը կարող ենք համարել ավարտված, 2023թ-ին կներդրվի միասնական տոմսային համակարգ. Տիգրան Ավինյան

13:12 • 30.12.22

 

Տրանսպորտային բարեփոխումները չեն ենթադրում միայն նոր ավտոբուսների ձեռքբերում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տրանսպորտային համակարգի բարեփոխումներին, ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ավտոբուսների ձեռքբերումները շատ կարևոր են, բայց տրանսպորտային բարեփոխումը ենթադրում է միասնական տոմսային համակարգի ներդրում, հարմարեցված կանգառներ և կանգառասրահներ, չվացուցակ, ավտոբուսների համար առանձնացված գծեր, որը էականորեն փոփոխելու է Երևանի ճանապարհների ճարտարապետությունը»,- ասաց նա։

Ավինյանը նշեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթը արդեն կայացել է, և կա հաղթող։

«Այժմ այն փուլում ենք, որ հաղթող կազմակերպությունը պայմանագիր պետք է կնքի քաղաքապետարանի հետ։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ երկու տարվա ընթացքում տրանսպորտային բարեփոխումների գրեթե 90 տոկոսը կարող ենք համարել ավարտված, ունենք նոր համակագրով տրանսպորտային ցանց, որի որակը բավարարելու է մարդկանց»,-նշեց Ավինյանը` ընդգծելով, որ 2023 թվականին տոմսային համակարգը ներդրված կլինի։