Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը․ ԱԽ քարտուղար

22:38 • 26.04.23

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Ճշտող հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկանում է»։

«Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է  ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանտվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- հավելեց ԱԽ քարտուղարը։

Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հազար հայերն էթնիկ զտման չենթարկվեն։ «Որովհետև այս գործողությունների միակ նպատակը միանաշակ էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում։ Որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներայացնելով  Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ ՌԴ-ն պետք է գործի»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքերով՝ Հակարիի կամուրջի ձախ կողմում, որտեղ Ադրբեջանն անցակետ է տեղադրել, գտնվում է հենց ՌԴ-ի ռազմաբազան․ «Այդ ռազմաբազայի դիմաց տեղի է ունենում նման իրադարձություն։ Եվ բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է սա տեղի ունենում։ Ադրբեջանն այնքա՞ն է հասել, որ կարողանում է այդպիսի քայլեր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ։ Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»։