Չինաստանը հայտարարել է, որ իր համար դժվար է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

12:30 • 31.05.24

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատման թեմայով հունիսին Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովի ծրագիրը հակասում է Չինաստանի պահանջներին և աշխարհի ակնկալիքներին, ինչը դժվարացնում է Պեկինի մասնակցությունը նման հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։

«Հստակ անջրպետ կա հանդիպման օրակարգի, Չինաստանի պահանջների և միջազգային հանրության ընդհանուր ակնկալիքների միջև: Չինաստանի համար դժվար է մասնակցել այս հանդիպմանը, և համապատասխան կողմերը տեղեկացվել են Չինաստանի նկատառումների և մտահոգությունների մասին», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Մաո Նինգը։

Նրա խոսքով՝ Չինաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. միջազգային խաղաղության համաժողովը պետք է անցկացվի՝ հաշվի առնելով երեք կարևոր կետ՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ներկայացուցիչները պետք է համաձայնեն մասնակցել դրան, բոլոր կողմերի մասնակցությունը պետք է լինի հավասար, իսկ բոլոր խաղաղության ծրագրերը՝ արդարացիորեն դիտարկված:

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չինաստանի ներկայացուցիչները չեն գնա Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովին։ Աղբյուրների համաձայն՝ Պեկինը մերժել է այս գագաթնաժողովի հրավերը, քանի որ չեն կատարվել դրան մասնակցելու համար դրված պայմանները, այդ թվում՝ դրան Ռուսաստանի մասնակցությունը։