Հունիսի 1-ին ընդառաջ Երևան մոլը և Երեխաների առողջության հիմնադրամը սկսում են երեխաների առողջությանն աջակցող «Որ ժպտաս, փոքրիկ» արշավը (տեսանյութ)

17:49 • 31.05.24

ԿինոՊարկը և Նավապետ Քիդի գանձերի կղզին այս տարի իրենց ստացած հասույթի մի մասը հունիսի 1-ին ընդառաջ կփոխանցեն  Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։ Սա իրականացվում է Երևան մոլի սոցիալական պատասխանատվության ծրագրով մեկնարկած «Որ ժպտաս, փոքրիկ» արշավի շրջանակներում։ Հասույթը կուղղվի ասթմայով հիվանդ երեխաների համար համապատասխան դեղորայքի ձեռքբերմանը, հիվանդության  վաղ կանխարգելմանն ու ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծմանը։

«Որ ժպտաս, փոքրիկ» արշավը բացառիկ կարևորություն ունի երեխաների առողջապահական կարիքները բավարարելու առումով՝ հաշվի առնելով առողջապահության ոլորտում խնդիրների աճի դինամիկան։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը 2021 թվականից մինչ այսօր աջակցել է շուրջ 2,700 երեխայի և այդ նպատակի համար ծախսել է շուրջ 1 միլիարդ դրամ։

Երևան մոլի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանի խոսքով՝  կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հիմնախնդիրները միշտ  են եղել  իրենց գործունեության կենտրոնում, այս նախաձեռնությունը ևս բացառություն չէ։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը վերջերս ձեռնամուխ է եղել երեխաների շրջանում ասթմայի տարածվածության ուսումնասիրմանն ու դրա դեմ պայքարին ուղղված համազգային ծրագրի իրականացմանը: Սա համապետական հետազոտական միջոցառում է, որում նախատեսվում է ընդգրկել շուրջ 15 հազար երեխայի Հայաստանի բոլոր մարզերից։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևան մոլը աջակցել է գրեթե բոլոր այն հիմնադրամներին, որոնք զբաղվում են երեխաների առողջության և կյանքի որակի բարելավմանն ուղղված աշխատանքներով՝ դառնալով օրինակ, թե ինչպես բիզնես կառույցները կարող են նպաստել հասարակության կարևոր խնդիրների լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում․