Հնդկաստանում ընտրությունների քվեարկության վերջին օրը սաստիկ տապից ընտրատեղամասի 33 աշխատակից մահացել է

15:47 • 02.06.24

Հնդկաստանում ընտրատեղամասի առնվազն 33 աշխատակից մահացել է ջերմային հարվածից Ուտար Պրադեշ նահանգում խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջին օրը։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է նահանգային ընտրական հանձնաժողովի ղեկավար Նավդիպ Ռինվան:

«Մահացածների ընտանիքներին կտրամադրվի դրամական փոխհատուցում 1,5 միլիոն ռուփիի (18,000 դոլար) չափով»,- ասել է Ռինվան։

Հունիսի 1-ին Հնդկաստանում անցկացվել է խորհրդարանական ընտրությունների յոթերորդ՝ վերջին փուլը։

Հյուսիսային Հնդկաստանում և երկրի արևելյան որոշ շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մնում է 45 աստիճանի սահմանում։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ Ուտար Պրադեշում ընտրությունների օրը ջերմաստիճանը հասել է 46,9 աստիճանի: Երկրում շոգի պատճառով առնվազն 100 մարդ է մահացել։