Հանրային հեռուստաընկերությունը չեզոք է լուսաբանում բողոքի ակցիաները. Արա Շիրինյան
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքի ակցիաները լուսաբանում է նորմալ և չեզոք։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային հեռարձակման խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։
«Երբեմն ցուցարարները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ»,- ասաց նա:
Շիրինյանի խոսքով՝ շարժման շարքերում կան մարդիկ, որոնք դեմոնիզացնում են Հանրային հեռուստատեսությանը և ցանկանում են այն ներկայացնել որպես Կառավարության խոսափող և իրենց հալածող ու իրենց հետապնդող «մոնստր»։
«Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճերի ժամանակ տարբեր կարծիքներ կարող են հնչել։ Մենք այդ կարծիքների համար պատասխանատու չենք և չենք կարող լինել, քանի որ կարծում ենք, որ ցանկացած կարծիք կարող է հնչել»,- հավելեց նա։
Նա շեշտեց՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կատարում է իր գործառույթները՝ վստահեցնելով, որ Հանրայինը ռեպորտաժ չի պատրաստել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը գործակալ է։










