Կոնգոյի ԱԳ նախարարը Լավրովին առաջարկել է տուն կառուցել այդ երկրում
Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Կլոդ Գակոսոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է տուն կառուցել Կոնգոյի Օյո քաղաքում, որտեղ ծնվել է աֆրիկյան երկրի նախագահ Դենիս Սասու Նգեսոն։ Այս միտքը նա հնչեցրել է հունիսի 4-ին Լավրովի համատեղ ասուլիսում, գրում է iz.ru-ն։
«Մենք այստեղ տեղ կգտնենք մեր ընկեր Սերգեյ Լավրովի համար: Այստեղ ձեզ համար հողատարածք կգտնեն՝ տուն կառուցելու համար»,- բացման խոսքում ասել է Գակոսոն։
Դրանից հետո Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը, որն ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան), նույն միտքը կրկնել է ռուսերեն:
Նախօրեին՝ հունիսի 3-ին, Լավրովը ժամանել էր Կոնգոյի Հանրապետություն՝ երկրի ղեկավարության հետ բանակցություններ վարելու։ Նրան դիմավորել է հանրապետության ղեկավար Սասու Նգեսոն։










