Զինված սիրիացին հարձակվել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատան վրա
Լիբանանում՝ մայրաքաղաք Բեյրութի մոտ, հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպանատան վրա, հայտնել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, գրում է kommersant.ru-ն։
Վիրավորվել են պահակը և հարձակվողը, որը Սիրիայի քաղաքացի է։ Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:34-ին (Երևանի ժամանակով` 9:34), ասվում է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
«Դեսպանատան մուտքի մոտ անհայտ անձը հրազեն է կիրառել: Լիբանանյան բանակի, անվտանգության ուժերի և դեսպանատան պահակախմբի արագ արձագանքի շնորհիվ շենքն ու անձնակազմն ապահով են», - ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում:
Լիբանանյան բանակը հայտնել է, որ զինվորականները կրակել են հարձակվողի ուղղությամբ, նա կալանավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Դեսպանատունը գտնվում է Բեյրութից հյուսիս՝ մի քանի անցակետերով բարձր անվտանգության գոտում: Դիվանագիտական ներկայացուցչությունն այնտեղ է տեղափոխվել 1983 թվականին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:










