ԱՄՆ-ում դիահերձարան ուղարկված կինը հանկարծակի «վերակենդանացել է»
ԱՄՆ-ում մահացած համարվող կնոջը տեղափոխել են դիահերձարան, որտեղ նա հանկարծակի «վերակենդանացել է», հայտնում է NBC News-ը։
Նեբրասկայի 74-ամյա բնակչուհի Կոնստանս Գլանզը մահացած էր համարվում այն բանից հետո, երբ ծերանոցի բուժքույրերը նկատել են, որ նա չի շնչում: Գլանզի վիճակը ծանր էր, նա գտնվում էր հոսփիսի պալիատիվ խնամքի կենտրոնում:
Երբ հունիսի 3-ի առավոտյան կինն այլևս կյանքի նշաններ չի ցուցաբերել, որոշվել է դիակն ուղարկել դիահերձարան։ Սակայն Գլանզին տեղափոխելուց մի քանի ժամ անց դիահերձարանի աշխատակիցը նկատել է, որ կինը շնչում է։ Նա շտապ հոսպիտալացվել է, դեպքի մասին տեղեկացվել է նաև նրա ընտանիքը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, և դեռևս հայտնի չէ, թե արդյոք արձանագրություններ են խախտվել։ Չի հաղորդվում նաև, թե կոնկրետ ինչով է հիվանդ կինը և ինչու էր նա գտնվում հոսփիսում։










