Ֆրանսիայում համաշխարհային առաջնորդների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
Համաշխարհային առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել վետերաններին՝ 1944 թ․ հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ։
80 տարի առաջ այս օրը դաշնակիցների ավելի քան 150,000 զինվոր ափհանում են կատարել Ֆրանսիայի տարածքում՝ Նորմանդիայում, այնտեղից դուրս մղելով նացիստական Գերմանիայի ուժերը։
Reuters-ը հաղորդում է, որ վետերաններից շատերը 100 և ավելի տարեկան են, ուստի հնարավոր է, որ սա նրանց մասնակցությամբ վերջին խոշոր միջոցառումը լինի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջոցառումներին մասնակցելու համար հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին և վարչապետ Ռիշի Սունակին, արքայազն Ուիլյամին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և այլոց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջոցառումներին չի հրավիրվել։
Միջոցառումների 4,500 հյուրի շարքում են նաև ավելի քան 200 վետերան ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից և Ֆրանսիայից։










