Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում նշեց 3 քայլից բաղկացած գործողությունների պլանը

20:29 • 09.06.24

Կեղծ են այն թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի և մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը։ Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի՛ կարող պատերազմ ավարտել՝ լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական կապիտուլյացիայի, մեր հայրենիքի, պետության և ինքնության և արժանապատվության կորստով

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասել է Բագրատ Սրբազանը:

Անդրադառնալով անցումային կառավարությունը, նա նշեց, որ պիտի գործի օրակարգային  հստակ երեք ուղղություններով․

«ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։

բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով

գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»։

Նա նշել է, որ այս պահին մենք պետք է որոշում ընդունենք.

«Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած, ընդամենը 4 օր առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք»։

Բագրատ Սրբազանը նաև հայտարարեց գործողությունների պլանը.

« Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը  18։30-ին,  կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։

Քայլ 2.Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները,  պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Քայլ 3. Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»։