Երևան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի երեք հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում

09:33 • 11.06.24

Մ-5, Երևան – Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածում (կմ17+530-կմ18+200, կմ 25+593-կմ29+385 և կմ32+675-կմ33+833) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Արմավիրի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5,62կմ է։ Ճանապարհի որոշ հատվածներում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհային հագուստի քանդման‚ հողային և այլ աշխատանքներ։

Նախագծով նախատեսված է նաև կմ 35+457 - կմ 37+054 տեղամասում ջրահեռացման համակարգի վերականգնում։

Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ կնորոգվեն նաև ճանապարհին առկա թունելն ու կամուրջը։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն, շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 2 մլրդ 376 մլն դրամ, իսկ ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից։