Փարիզի ժամանակով 17:00-ի դրությամբ Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 59,71%-ը

20:14 • 07.07.24

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ (երևանի ժամանակով՝ 19:00) մասնակցել է ընտրողների 59,71 տոկոսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը հղումով։

Ինչպես նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ, 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 38,11 տոկոսը։

Նշենք, որ ժամը 12։00-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ 14։00) քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 26,63 տոկոսը, ինչը ռեկորդային էր։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկությունն անցկացվում է այսօր։ Առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային էր և գերազանցել էր 66%-ը։

Այս ընտրությունների միջոցով ֆրանսիացիներն ընտրելու են 577 պատգամավորի, որոնք քաղաքացիների շահերը կներկայացնեն երկրի խորհրդարանում։

Առաջին փուլում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետական կուսակցության իր դաշնակիցների հետ ստացել է ձայների 33,15 տոկոսը, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատը»՝ 27,99 տոկոսը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ 20,04 տոկոսը:

Աջերի իշխանության գալը կանխելու համար Մակրոնի թիմակիցներն ու ձախերը սկսել են հետ կանչել իրենց ընտրատարածքներում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուներին։ Ենթադրվում է, որ երկրորդ փուլի ժամանակ, որտեղ «Ազգային միավորման» թեկնածուները կպայքարեն Մակրոնի կոալիցիայի կամ ձախերի պատգամավորական թեկնածուների հետ, «Ազգային միավորում»-ը հաղթելու ավելի քիչ հնարավորություն կունենա։

Ընդհանուր առմամբ 224 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել։