Թրամփին կրակողը գրանցված է եղել որպես հանրապետական

15:15 • 14.07.24

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի համար կասկածվող Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը ընտրողների տվյալների բազայում գրանցված է որպես հանրապետական, հայտնում է CNN-ը։

Այնուամենայնիվ, 2021 թվականի հունվարին նա 15 դոլար է նվիրաբերել Progressive Turnout Project կազմակերպությանը, որը կապված է Դեմոկրատական կուսակցության հետ:

Թոմաս Մեթյու Քրուքսը սպանվել է Թրամփի դեմ մահափորձից անմիջապես հետո։

Նրա հայրը՝ 53-ամյա Մեթյու Քրուքսը, CNN-ին ասել է, որ նա փորձում է պարզել, թե ինչ է կատարվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը:

«Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։