Մերձավոր Արևելքում կրիտիկական պահ է, կողմերը պետք է ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին. Բլինկեն (թարմացվում է)

15:20 • 06.08.24

15:17

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ այժմ «կրիտիկական պահ» է: Նա ներգրավված կողմերին կոչ է արել աշխատել լարվածությունը թուլացնելու համար, քանի որ ավելի մեծ տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ մտահոգություններն աճում են: Այս մասին գրում է cbsnews.com-ը:

«Մենք զբաղված ենք ինտենսիվ, գրեթե շուրջօրյա դիվանագիտությամբ՝ մի շատ պարզ ուղերձով. բոլոր կողմերը պետք է զերծ մնան էսկալացիայից: Բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու համար: Էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից: Դա միայն կհանգեցնի ավելի շատ հակամարտությունների, ավելի շատ բռնությունների, ավելի շատ անապահովության»,- ասել է նա: 

Բլինկենը հավելել է, որ «կարևոր է նաև այս ցիկլը կոտրելը՝ հասնելով Գազայում հրադադարի, և դա իր հերթին կստեղծի ավելի կայուն խաղաղության հնարավորությունները ոչ միայն բուն Գազայում, այլև այլ հատվածներում, որտեղ հակամարտությունը կարող է տարածվել»:

Նա կոչ է արել բոլոր կողմերին գտնել «համաձայնության գալու ուղիներ, ոչ թե հետաձգելու կամ «ոչ» ասելու պատճառներ փնտրել»:

«Հրամայական է, որ բոլոր կողմերը ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին», - շեշտել է նա։

14:41

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և զսպվածություն՝ խուսափելու տարածաշրջանային բռնկումից։ Ոչ ոք շահագրգռված չէ էսկալացիայով», -  X-ում գրել է նա:

14:10

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է սրվել՝ իրավիճակը մոտեցնելով անհայտ մասշտաբների պատերազմի շեմին, այս մասին X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Մենք բոլորս պետք է կանխենք հերթական աղետը: Առաջ գնալու ճանապարհը հիմնականում փոխզիջումային է՝ հրադադար Գազայում, հիմա՛: Բոլոր նրանք, ովքեր կանգնած են դեէսկալացիայի ճանապարհին, պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշել է Բորելը:

10:41


Lufthansa Group-ը, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին, մինչև օգոստոսի 12-ը դադարեցրել է թռիչքները դեպի Թել Ավիվ, Թեհրան, Բեյրութ, գրում է Reuters-ը: 

Lufthansa-ն, վկայակոչելով «անվտանգային իրավիճակի շարունակական վերանայումները», նաև հայտարարել է, որ մինչև օգոստոսի 7-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հորդանանի մայրաքաղաք Ամման և իրաքյան Էրբիլ քաղաք:

9:30

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար բունկեր են պատրաստել՝ Իրանի կողմից հարձակման դեպքում երկիրն այնտեղից ղեկավարելու համար, հայտնում է timesofisrael.com-ը՝ Walla պորտալին հղումով:

Իսրայելի հետախուզական ծառայությունների պատրաստած ստորգետնյա բունկերը նախատեսված է մի քանի հարյուր մարդու համար:

Այն գտնվում է Ալ-Քուդս շրջանում (Երուսաղեմ) և ունի աշխատասենյակներ, բնակելի տարածքներ, պաշտպանության նախարարության հետ կապի կենտրոն։ Բունկերը պաշտպանված է հրթիռային հարձակումներից։

 Նշվում է, որ շուրջ 20 տարի առաջ կառուցված բունկերը վերջին տասն ամսում, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները սրվել են, Նեթանյահուի կողմից չի օգտագործվել:

Նշենք, որ ավելի վաղ timesofisrael.com-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: 

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք: