Մադուրոն WhatsApp-ին մեղադրել է ընդդիմությանը տվյալներ փոխանցելու համար և մեսենջերը որակել «մարդկության թշնամի»
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն WhatsApp մեսենջերին մեղադրել է երկրի քաղաքացիների մասին տվյալներն ընդդիմության առաջնորդներին՝ Մարիա Կորինա Մաչադոյին և Էդմունդո Գոնսալեսին փոխանցելու համար։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Մադուրոն հայտարարել է «Վենեսուելայի երիտասարդության մեծ առաքելություն» կազմակերպության շտաբ-բնակարանի բացման արարողության ժամանակ։
«WhatsApp-ը վենեսուելացի ահաբեկիչներին՝ արդարադատությունից թաքնվող Մաչադոյին, պատերազմական հանցագործ Էդմունդո Գոնսալեսին և նրա հրամանատարներին է փոխանցել Վենեսուելայի ամբողջ տվյալների բազան՝ ով եք դուք, ովքեր են ձեր ընտանիքի անդամները, ձեր ընկերները, ինչի մասին եք խոսում, ինչի մասին չեք խոսում, ինչ տեսանյութերով եք կիսվում, ինչ ճաշակ ունեք և այլն»,- ասել է Մադուրոն։
Վենեսուելայի ղեկավարը նաև հավելել է, որ WhatsApp-ը գտնվում է տեխնոլոգիական իմպերիալիզմի ձեռքում, և մեսենջերը որակել է «մարդկության թշնամի»։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո երկրում սկսված զանգվածային անկարգությունների ֆոնին օգոստոսի 6-ին Մադուրոն հրապարակավ ջնջել է WhatsApp մեսենջերն իր հեռախոսից և իր կողմնակիցներին կոչ է արել նույնպես ջնջել հավելվածը՝ հայտարարելով, որ այն «օգտագործվում է Վենեսուելային սպառնալու համար»:
Հուլիսի 28-ին Վենեսուելայում կայացած ընտրությունների արդյունքներով երկրի Ազգային ընտրական խորհուրդը արձանագրել է Մադուրոյի հաղթանակը՝ ձայների 51,95 տոկոսով: Նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսը, ըստ խորհրդի, ստացել է ձայների 43,18 տոկոսը: Գոնսալեսի թիմը չի ընդունել ընտրության արդյունքները: Մի շարք պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, չեն ճանաչել ընտրությունների հայտարարված արդյունքները: Վենեսուելայում ընտրությունից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում, ձերբակալվել է ավելի քան 1200 ցուցարար, զոհվել են մարդիկ:










