Գիտակցված ընտրություն՝ ամեն օր. «Երեմյան» կաթնամթերքը 6 տարեկան է (տեսանյութ)
Կաթնամթերքը մարդու ամենօրյա սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցներով, կալցիումով և մի շարք վիտամիններով, որոնք հատկապես կարևոր են երեխաների աճի և զարգացման համար։
Այս տարի «Երեմյան» կաթնամթերքը նշում է գործունեության 6-ամյակը։ Տարիների ընթացքում ընկերությունը շեշտը դրել է ոչ միայն արտադրանքի տեսականու ընդլայնման, այլև որակի և սննդի անվտանգության բարձր չափանիշների պահպանման վրա։
«Առողջ և օգտակար կաթնամթերք օգտագործելով մենք ստանում ենք մի շարք կարևոր բաղադրիչներ՝ վիտամիններ և միներալներ, որոնցից ամենակարևորը բարձր կենսաբանական արժեք ունեցող սպիտակուցն է, կալցիումը, ֆոսֆորը, B խմբի վիտամինները, պրոբիոտիկները, որոնք մենք ստանում ենք մածունի և հունական յոգուրտի մեջ»,-ասում է Մանկական սննդաբան Անի Աղոյանը:
Մասնագետն առանձնացնում է մասնավորապես կալցիումի նշանակությունը, որը կարևոր է ոչ միայն ոսկրային համակարգի, այլև ամբողջ օրգանիզմի համար։
«Կալցիումը կարևոր է մեր նյարդային համակարգի, մկանների աշխատանքի, ինչպես նաև ատամների ճիշտ աճի համար, հատկապես, եթե խոսում ենք երեխաների մասին: Վաղ մանկության շրջանում է ձևավորվում մեր ապագա ոսկրային պաշարների մեծ մասը»,-նշում է Անի Աղոյանը:
Ինչի՞ն են ուշադրություն դարձնում սպառողները կաթնամթերքի ընտրության հարցում և ի՞նչ նախընտրություններ ունեն. հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց նրանցից:
Սննդաբանի խոսքով՝ սպառողը, նախքան կաթնամթերքի գնումը, պետք է առաջնային ուշադրություն դարձնի դրանց ժամկետին, որովհետև ինչքան կարճ է կաթնամթերքի պիտանելիության ժամկետը, այնքան այն ավելի բնական արտադրանք է: Սակայն, դա միակ կետը չէ, որին պետք է ուշադիր լինել:
«Կաթնամթերքի մեջ ինչքան քիչ ու պարզ են բաղադրիչները, այնքան մթերքն ավելի օգտակար է: Հաջորդ կարևոր կետը փաթեթավորման ամբողջականություն է, որ այն վնասված չլինի ու նախընտրելի է, որ նախապատվությունը տրվի ապակյա տարաներով կաթնամթերքին։ Սպառողը նաև ուշադրություն պետք է դարձնի, թե ով է արտադրողը և որտեղից է գալիս այդ արտադրանքը, հայտնվում իր սեղանին։ Այսինքն՝ այստեղ մենք խոսում ենք ոչ միայն ուղղակի կաթնամթերք օգտագործելու, այլ գիտակցված ընտրության մասին»-հավելում է Մանկական սննդաբանը։
Որակյալ կաթնամթերքի հիմքում, ըստ մասնագետի, ամբողջ արտադրական շղթայի պատասխանատու աշխատանքն է՝ սկսած ֆերմայից։ Հետագծայնությունը ժամանակակից սննդարդյունաբերության ամենակարևոր սկզբունքներից մեկն է և «Երեմյան» կաթնամթերքը հետամուտ է այդ սկզբունքին՝ իր «Սերմից սեղան» հայեցակարգով:
«Որակյալ կաթնամթերքը սկսվում է ֆերմայից, ավարտվում է սպառողի սեղանին ու այստեղ բոլոր օղակներից է կախված, թե մենք վերջնական արդյունքն ինչպիսին կստանանք։ Ֆերման, արտադրամասը, վաճառողը և նույնիսկ սպառողը պատասխանատու են, որպեսզի կաթնամթերքն իրենց հասնի օգտակար և առողջ վիճակում»,-ասում է Անի Աղոյանը։
Այսպիսով, վեց տարվա ընթացքում «Երեմյան» կաթնամթերքը հայկական շուկայում ձևավորել է իր սպառողների շրջանակը՝ համատեղելով բնականությունը, որակի վերահսկողությունն ու ժամանակակից արտադրական մոտեցումները, իսկ սպառողների վստահությունն արտացոլվում է «Երեմյան» կաթնամթերքի ամենօրյա ընտրությամբ:














