Սեփական ֆերման՝ անվտանգ կաթնամթերքի հիմք. «Երեմյան»-ը հավատարիմ է իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգին (տեսանյութ, լուսանկարներ)

20:17 • 02.07.26

Տարեկան 25,000 տոննա բարձրակարգ կեր, 10 մլն լիտր կաթ և կաթնամթերքի ավելի քան 60 ապրանքատեսակ. 2022 թվականին «Երեմյան» ընկերությունների խմբի կողմից, Լոռու մարզի Տաշիր համայնքում հիմնադրվել և գործում է Հայաստանում ամենամեծ գյուղատնտեսական համալիրը:

Ընկերությունը, հավատարիմ մնալով իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգին, կաթի ստացման գործընթացում վերահսկում է ամբողջ համակարգը՝ կերարտադրությունից մինչև կաթի մշակման ամբողջական փակ շղթա։

«Հիմա գտնվում ենք ֆերմային կից դաշտերում, որտեղ աճեցնում ենք կենդանիների կերերը: Գարու դաշտերն է, այս տարի փորձնական ցանքս ենք արել և լավ արդյունք ենք ակնկալում: Եգիպտացորենի դաշտերն են, որով ամբողջությամբ կարողանալու ենք լրացնել մեր սիլոսի պաշարները»,-ասում է Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։

«Սերմից՝ սեղան» եզակի ճանապարհորդությունը սկսվում է այն պահից, երբ բարձրակարգ սերմն ընկնում է հողի մեջ։ Ճիշտ սնուցման և խնամքի արդյունքում՝ այն վերածվում է սննդարար առվույտի և եգիպտացորենի: Կանաչ անասնակերը փաթեթավորվում է՝ օգտագործելով ժամանակակից սիլոսացում, որը թույլ է տալիս կենդանիներին ողջ տարվա ընթացքում ստանալ բարձրորակ կեր՝ նույն սննդային արժեքով:

«Մենք ստանում ենք Ա կարգի կաթ, այսինքն՝ ամենաբարձր որակի կաթ, որն անհրաժեշտ է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին՝ առողջ, ակտիվ և բոլոր վիտամիններով լեցուն սննդակարգ ապահովելու համար»,-նշում է Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը: 

Խելացի ֆերմայում Եվրոպայից բերված տոհմային կովերը ստանում են ամենօրյա խնամք և ուշադրություն: Յուրաքանչյուր կենդանու մասին հավաքագրվում է ամբողջական տեղեկություն, ըստ որի էլ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդությունները և ապահովվում է կայուն առողջությունը։ Մոնիթորինգային համակարգը թույլ է տալիս ֆերմերներին տեղեկացված որոշումներ կայացնել և ապահովել կենդանիների լավագույն խնամքը:

Ֆերմայում ավտոմատացված է նաև կիթը: 40 տեղանոց շրջանաձև ժամանակակից համակարգը 1 ժամվա ընթացքում, միջինում կթում է 250 կով։ Այս նորարարական տեխնոլոգիան կթման ողջ ընթացքում ապահովում է հիգիենիկ պայմաններ՝ պահպանելով կաթի ամբողջականությունը: Փակ շղթայի սառնարանային համակարգի զուգակցմամբ՝ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են, որը փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում է Երևանում տեղակայված գործարան:

«Երեմյան ընկերությունը, վեց տարվա ընթացքում ստեղծել է մոտ 60 տեսակի կաթնամթերք՝ կաթ, մածուն, թթվասեր, ռեժան, ինչպես նաև պանրի տեսականի ունենք՝ հայկական, իտալական պանրի տեսակներ, շատ սիրված պանրիկները և այլ տեսակի կաթնամթերք»,-հավելում է Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը:

20-ամյա պատմությամբ «Երեմյան» ընկերությունների խումբն այսօր գործունեություն է ծավալում հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում: Ընկերությունն ունի 18 ռեստորան՝ 13 հայեցակարգով, 2 ֆերմա, կաթնամթերքի FSSC 22,000 սերտիֆիկացմամբ ժամանակակից գործարան, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, ճաշարանային ծրագրեր և քեյթրինգային ծառայություն, որոնցով էլ սահմանում է ոլորտների զարգացման նոր նշաձողեր:

Սեփական ֆերման՝ անվտանգ կաթնամթերքի հիմք. «Երեմյան»-ը հավատարիմ է իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգին (տեսանյութ, լուսանկարներ)