Երեմյան մարդիկ. Գևորգ Իսպիրյան. խոհարարությունը՝ արվեստ (տեսանյութ, լուսանկարներ)

15:25 • 26.08.26

18 ռեստորան՝ 13 տարբեր հայեցակարգով։ Ավելի քան երկու տասնամյակ է՝ «Երեմյան» ընկերությունների խումբը Հայաստանում զարգացնում է հյուրընկալության ոլորտը։ Տարբեր խոհանոցներ, ճաշացանկեր, մոտեցումներ, բայց մեկ ընդհանուր պահանջ՝ անփոփոխ բարձր որակ։ Այդ չափանիշների պահպանման պատասխանատուներից մեկն էլ  ընկերության բրենդ-շեֆի տեղակալ Գևորգ Իսպիրյանն է: 

Նրա աշխատանքային օրը սկսվում է վաղ առավոտից։ Առաջին կարևոր քայլերից մեկը մթերքի ընտրությունն է, ապա հետևումը, որ ուտեստի թե՛ պատրաստման գործընթացը, թե՛ վերջնական արդյունքը համապատասխանեն սահմանված չափանիշներին։ Այս աշխատանքը շարունակվում է ամբողջ օրվա ընթացքում՝ մինչև ուշ երեկո։

«Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ յուրաքանչյուր ուտեստ, անկախ նրանից, այն մատուցվում է այսօր, թե մեկ տարի հետո, ունենա նույն բարձր որակը և համային բնութագիրը։ Հյուրի համար կարևոր է ոչ միայն համեղ ուտեստը, այլև ամբողջական փորձառությունը, երբ հյուրերը գալիս են ռեստորան, նրանք գալիս են զգացողությունների հետևից և ցանկանում են վստահ լինել, որ օգտագործվող մթերքը թարմ է և բարձրորակ»,-ասում է «Երեմյան» ընկերությունների խմբի բրենդ-շեֆի տեղակալ Գևորգ Իսպիրյանը:

Հաջողված աշխատանքի կարևոր բաղադրիչը նաև այն մարդիկ են, որոնք ամեն օր ստեղծում են որակյալ արդյունք, ընդ որում՝ դրա համար անհրաժեշտ է ոչ միայն խոհարարների մասնագիտական հմտությունը, այլև այն արժեքները, որոնց շուրջ ձևավորվում է ամբողջ թիմի աշխատանքը։

««Երեմյան» ընկերությունների խմբի յուրաքանչյուր ռեստորանի խոհանոց ունի իր յուրահատկությունը, ձեռագիրը, սակայն բոլորին միավորում են նույն սկզբունքները՝ բարձր որակ, ստեղծագործ մոտեցում և կայուն համեր»-ընդգծում է նա։

20 տարի առաջ, երբ «Երեմյան» ընկերությունների խումբը սկսեց իր գործունեությունը հյուրընկալության ոլորտում, խոհարարի մասնագիտության հանդեպ բազմաթիվ կարծրատիպեր կային, սակայն այսօր արդեն խոհարարի աշխատանքը համարվում է պատվաբեր, մրցունակ և ցանկալի՝ երիտասարդ սերնդի համար։ 

Գևորգ Իսպիրյանն ասում է՝ նորեկներին, առաջին հերթին սովորեցնում են, որ խոհարար լինելը պարզապես ուտեստ պատրաստելը չէ, դա մշակույթ է, պատասխանատվություն և շարունակական զարգացում:

«Նորեկներին փոխանցում ենք մեր աշխատանքի հիմնական արժեքները՝ մթերք ճիշտ ընտրությունը, որակի նկատմամբ պահանջկոտությունը, թիմային աշխատանքի կարևորությունը և հյուրերի հանդեպ հոգատար վերաբերմունքը»,-նշում է նա։

Խոհարարի մասնագիտությունը նաև ավանդույթների պահպանման և փոխանցման մասին է։ Ժամանակակից մոտեցումների կողքին կարևոր է ճանաչել սեփական խոհանոցի արմատները, հասկանալ այն պատմությունն ու մշակույթը, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։ Հենց այդ ժառանգությունն է, որ շարունակում է ոգեշնչել խոհարարներին՝ նորովի ներկայացնելու հայկական ավանդական ուտեստները։

«Հայկական խոհանոցն ունի բազում ուտեստներ, դժվար է առանձնացնել մեկը, բայց իմ սիրելի ուտեստներից է խորվուն: Դա գառն է, երբ կախում են թոնրի մեջ: Մեր պապերը, նախնիները միշտ հարսանիքներին, կնունքներին, լավ առիթներին դա են մատուցել և այն դարձել է նաև նիմ սիրելի ուտեստը, որը շատ մեծ սիրով պատրաստում եմ»,-մանրամասնում է Գևորգ Իսպիրյանը։

«Երեմյան» ընկերությունների խմբի բրենդ-շեֆի տեղակալն ասում է՝ ամենամեծ ձեռքբերումն այն է, երբ ուտեստը դառնում է ավելին, քան պարզապես համ։ Երբ հյուրն իր հետ տանում է ոչ միայն համային տպավորություն, այլև ջերմ հիշողություն և կրկին վերադառնալու ցանկություն։

Յուրաքանչյուր ափսեի մեջ դրված է թիմի աշխատանքը, տարիների փորձը և այն արժեքները, որոնք շարունակաբար փոխանցվում են։ Հենց այդ նվիրվածությունն է, որ պահպանում է որակի չափանիշը՝ յուրաքանչյուր հյուրի համար ստեղծելով վստահելի և յուրահատուկ փորձառություն։

 

Երեմյան մարդիկ. Գևորգ Իսպիրյան. խոհարարությունը՝ արվեստ (տեսանյութ, լուսանկարներ)